Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի նախկին սոցիալիստական երկրների բնակչության մոտ 35 տոկոսն ընդունված չէ հասարակության կողմից` Մակեդոնիայի բնակչության 12 տոկոսից մինչեւ Տաջիկստանի բնակչության 72 տոկոսը: Այս մասին ասվեց «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) «Անցումային շրջանից դեպի ներառական հասարակություններ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ, որը դիտարկում է աղքատության արատավոր շրջանն անմիջականորեն այն մարդկանց տեսանկյունից, ովքեր ունեն աղքատության դառը փորձ:
Պարզվում է, որ, աղքատությունը սոսկ փողի եւ եկամուտի մասին չէ զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Վեց երկրներում (Ղազախստան, Մոլդովա, Սերբիա, նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Տաջիկստան եւ Ուկրաինա) իրականացված հետազոտությունների արդյունքները ենթադրում են, որ տարեցները, երեխաները, երիտասարդները, գյուղական շրջանների բնակիչները, գործազուրկներն ու թերի կրթություն ունեցողները ներառված չեն հասարակության մեջ: Զեկույցի առաջարկությունների թվում են բարելավված միջին մասնագիտական կրթությունը եւ աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը, տարեցների համար ծառայությունների արմատական բարելավումը, տարածաշրջանային մակարդակում սոցիալական պաշտպանվածության հիմնովին բարեփոխումը, քանզի ներկայիս սոցիալական քաղաքականությունը չի նպաստում սոցիալական ներառմանը:
ՄԱԶԾ «Հայաստանում երկխոսության եւ վստահության խթանում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ Հայաստանում սոցիալական միասնության վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսը: Համազգային ուսումնասիրությունն իրականացվել է 18 տարեկանից բարձր 3,200 մեծահասակների շրջանում: Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ընտանիքների, հարեւանության եւ համայնքների մակարդակում Հայաստանն ունի սոցիալական միասնության հսկայական կարողություն:




























