Հայաստանի ատոմակայանի 158 աշխատակիցների` աշխատավարձը բարձրացնելու դիմումն ուսումնասիրվում է, եւ այդ կապակցությամբ որոշում դեռ չի կայացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ որոշում կայացվելու դեպքում նախարարությունը կտեղեկացնի մամուլին:

Ավելի վաղ NEWS.am-ը դեռ մեկ ամիս առաջ հայտնել էր, որ Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Նրանք նշել են, որ գների թանկացման պայմաններում ի վիճակի չեն գոյատեւել 120-ից 150 հազար դրամ աշխատավարձերով: Լուսինե Հարությունյանը նշել էր, որ դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից:

Որոշ տեղեկություններով, պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են  ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել:

Սեպտեմբերի 11-ից Հայաստանի ատոմային էլեկտրակայանում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, այնտեղ վերալիցքավորման եւ պլանային նորոգման աշխատանքներ են ընթանում: Նախարարի մամուլի քարտուղարի խոսքով, ատոմակայանը հոկտեմբերի 27-ին պետք է միանա էներգոարտադրության ցանցին: «Այս պահին այդ գործընթացի մեջ է, աշխատանքները նորմալ ընթանում են»,- նշեց նա: