Եթե ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի օրը, խորհրդարանում կհայտնվեն երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` գնահատելով ներքաղաքական իրողությունները:

«Վեց ամսվա ընթացքում դժվար է ասել, բայց եթե առաջիկա կիրակի օրը լինեին ընտրությունները, խորհրդարանում անկախ տոկոսային հարաբերակցությունից կհայտնվեին երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը: Թե ով ինչ տոկոս կունենա, չեմ կարող ասել, բայց այսօրվա դրությամբ` այս երեքը»,- նշել է քաղտեխնոլոգը եւ հավելել. «Օրինաց երկիրն» այլեւս փաստացի գոյություն չունի քաղաքական դաշտում, այն մահացել է 2008թ. մարտի 1-ից հետո: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ազդեցությամբ թուլացան եւ այդպես էլ չկարողացան քաղաքական դաշտում դերակատարում ունենալ, իսկ դաշտում այս ուժերից բացի այլ ուժ չկա»:

Ըստ Բադալյանի, չկա ԱԺՄ, Քրիստոնե-դեմոկրատներ, ԱԺԿ, Ժողովրդական կուսակցություն, ՄԱԿ, եւ այլն, որոնց առաջնորդները «շատ հաճախ տարբեր թերթերի հարցազրույցներ են տալիս, ներկայանում են որպես կուսակցության ղեկավարներ, բայց իրականում նրանց կուսակցությունները կան միայն մամուլի էջերում, գրանցված են արդարադատության նախարարությունում, իրականում քաղաքական դաշտում նրանց ազդեցությունը զրոյական է»:

Ըստ քաղտեխնոլոգի, ըստ ամենայնի, իրավիճակն այդպես էլ կշարունակվի, եթե նոր, հսկայական ինչ-որ ուժ չհայտնվի: «Չնայած ժամանակ քիչ է մնացել, եւ խիստ կասկածելի է նման հավանականությունը: Տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում դեռ չեմ տեսնում նման հավանականություն»,- նշել է նա:

Հարցին, թե ո՞ր ուժերի միջեւ է ընթանալու հիմնական պայքարը խորհրդարանական ընտրություններում, Արմեն Բադալյանը պատասխանել է. «Զուտ ենթադրում եմ, որ առաջին-երկրորդ տեղերի միջեւ պայքարը կգնա ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, որովհետեւ դեռ հստակ չէ դրսի ուժերի վերաբերմունքը: ՀԱԿ-ին էլ չպետք է թերագնահատել: Դեռ հայտնի չէ, թե ընտրություններից առաջ դրսից ինչ մեսիջ կստանան: Կապ չունի, ռուսական կողմից, թե արեւմտյան կողմից: Եթե բացահայտ մեսիջ լինի, կազդի քվեարկության վրա»,- նկատել է նա: