Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ մրցակցությունը խաղ չէ, նրանց միջեւ ուժեղ պայքար է ընթանում, եւ այդ մրցակցությունն առաջիկայում ավելի կատաղի է դառնալու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով կոալիցիոն կուսակցությունների միջեւ առկա հակասությունները:
«Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ն մեկ շաբաթ ժամանակ է տվել «Բարգավաճ Հայաստանին»` հայտնելու իր տեսակետը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու որոշման վերաբերյալ: Ես չեմ կարող ասել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը: Այդ լուրը կարող են բաց թողած լինել միտումնավոր: Այն, որ նրանց միջեւ մրցակցություն կա, եւ այդ մրցակցությունը գնալով ավելի կատաղի է դառնալու, կասկածի տակ չեմ վերցնում»,- նշել է Բադալյանը:
Վերջինիս խոսքով, այդ տեղեկությունը կարող են տարածած լինել տարբեր ուժեր. «Այդ լուրը կարող է տարածած լինել ՀՀԿ-ն` ստուգելու ԲՀԿ-ի կարծիքը, դա կարող է տարածած լինել իշխանության մեկ այլ խմբավորում, որն ուզում է գժտեցնել ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին, կարող է ԲՀԿ-ն լինել»:
Ըստ քաղտեխնոլոգի, Սերժ Սարգսյանը լինելով նախագահ, ցանկանում է, որ ԲՀԿ-ի ողջ ռեսուրսն իրեն պաշտպանի 2013թ. նախագահական ընտրություններին: «ԲՀԿ-ն դրան դեռ չի համակերպվում, քանի որ եթե այսօր ընդունում է այդ ծրագիրը, ապա որպես ՀՀԿ-ին այլընտրանք կորցնում է իր գրավչությունը, եւ դա կբերի նրա ընտրազանգվածի կորստի»,- վերլուծել է Արմեն Բադալյանը:
Հարցին, թե եթե ԲՀԿ-ն դուրս գա իշխող կոալիցիայից, ինչպե՞ս դա կազդի նրա վարկանիշի վրա, Արմեն Բադալյանը պատասխանել է. «Բացարձակ չի ազդի, ոչ լավ, ոչ վատ ձեւով: ԲՀԿ-ն կերպար է ստեղծել, որ այլընտրանք է ՀՀԿ-ին, եթե կարողանա պահել այդ կերպարը, շատ ձայներ կստանա, անկախ նրանից` կոալիցիայի մեջ է, թե ոչ»: Նա նաեւ նկատել է, որ հերթական խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, եւ ԲՀԿ-ին այնքան էլ հեշտ չէ զրկել վարչական ռեսուրսից: «Ուրիշ բան, որ լիներ 2 տարի առաջ, այդ ընթացքում ԲՀԿ-ն կկորցներ մեծ ռեսուրս, այժմ ժամանակը չի հերիքի»,- նշել է նա:




























