Ադրբեջանի իշխանությունները հաճախ են միջազգային կառույցներին հավաստիացնում, որ երկրում ծնված յուրաքանչյուր երեխայի համար ֆինանսական միջոցներ են հատկացնում, սակայն իրականում նման բան չկա, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Մասնավորապես, այդ հանգամանքը օգտագործվում է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ադրբեջանական նավթադոլարները ծախսվում են` ի նպաստ ժողովրդի բարեկեցության:

«Իրականում, եւ տեղական, եւ միջազգային փորձագետները կարող են փաստել, որ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած ուժերը նավթային եկամուտներն օգտագործում են գերազանցապես սեփական հարստության կուտակման նպատակով: Մինչդեռ, ադրբեջանական իշխանությունները միջազգային կառույցներին հայտնում են, որ պետությունը յուրաքանչյուր նորածնի համար հատկացնում է 8 հարյուր մանաթ (հազար դոլար): Ադրբեջանում այդքան գումար երբեք չի հատկացվել նորածնի ծնողներին»,-նշում է աղբյուրը:

«Ամեն դեպքում, այս հանգամանքը եւս հաստատում է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն ուղղակի յուրացնում են նավթադոլարները: Նորածնին հատկացվող գումարի անվան տակ նրանք 10-15 միլիոն մանաթ (12.5-22.5 միլիոն դոլար) են դնում սեփական գրպանը»,-եզրափակում է «Պոլիգոնը»: