Եվրամիությունը որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել Իրանի պաշտոնատար 29 անձանց դեմ` մարդու իրավունքների խախտման համար, սակայն միաժամանակ համատեղ որոշում է ընդունվել Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության 4 պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: Թերթը նշում է, որ որոշման համաձայն, պատժամիջոցներ են կիրառվելու ՆԻՀ-ի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբոլի, նրա եղբայր Մեհերամ Թալիբովի, ՆԻՀ-ի ազգային անվտանգության նախարար Վալի Մեմեդովի եւ ՆԳՆ նախարար Ահմեդ Ահմեդովի դեմ: Ակնալվում է, որ որոշումը շուտով հրապարակվելու է:
Բացի այդ, նշվում է, որ քննարկվել է նաեւ Ադրբեջանի իշխող համակարգի մի շարք ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, սակայն դա նպատակահարմար չի դիտվել` կապված NABUCOO նախագծի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումները եւ այնտեղ ամենափակ վարչակարգերից մեկի առկայությունը լրջորեն անհանգստացրել էր Արեւմտյան ինստիտուտներին, մասնավորապես, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն քննարկել են «Նախիջեւանի խան»-ին` Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովին, սանձելու հարցը:
ԱՄՆ-ում եկել էին այն եզրահանգման, որ Նախիջեւանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների դեմ պետք է անձնավորված պատժամիջոցներ կիրառել, առաջին հերթին ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ:
Հիշեցնենք, որ Նախիջեւանի դրությունը քննարկվել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ: Իսկ ինտերնետում ամենաուժեղ գրաքննությունը Նախիջեւանի հանրապետությունում է իրականացվում, եւ նման հրաման է տվել Վասիֆ Թալիբովը:




























