ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրաքին եւ Թուրքիային կոչ է արել մշակել համաձայնագիր, որը կկանխի քուրդ ապստամբների հարձակումներն Իրաքի տարածքից:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, հոկտեմբերի 19-ի առավոտյան քուրդ զինյալների հարձակման հետեւանքով Իրաքին սահմանամերձ թուրքական Հաքարի նահանգում զոհվել են անվտանգության 26 աշխատակիցներ, եւս 22-ը վիրավորվել են:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հետաձգել է այցը Ղազախստան: Թուրքիայի նախագահը քրդերին սպառանցել է ահավոր վրեժով:
Թուրքիայի զինված ուժերը պատասխան գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսում: Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Քրդստանի բանվորական կուսակցության դիրքերին Իրաքի հյուսիսում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քրդերի հարձակումն անվանել է աղաղակող ահաբեկչության օրինակ: Թուրքիային համերաշխություն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:




























