Հունաստանի խորհրդարանը նախնական համաձայնություն է տվել ծախսերի կրճատմանը` Եվրամիության եւ ԱՄՀ-ի վարկերի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իշխող ձախ կենտրոնամետ ՊԱՍՕԿ կուսակցության բոլոր 154 պատգամավորները պաշտպանել են աշխատավարձի եւ կենսաթոշակի նվազեցումն ու մի քանի տասնյակ հազար պետական ծառայողների կրճատումը:

Օրենքն ուժի մեջ կմտնի, եթե հոկտեմբերի 20-ի երեկոյան անցնի վերջնական քվեարկությամբ:

Հունաստանի կառավարության հակաճգնաժամային քայլերին հույները պատասխանում են համազգային գործադուլով, որը շարունակվում է արդեն 48 ժամ:

Աթենքում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր: Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, որոնք արցունքաբեր գազ են օգտագործել: