Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կառավարությանը կոչ  է արել հրաժարական տալ` կապված հոկտեմբերի 19-ին, քուրդ ապստամբների հարձակման հետ, ինչի արդյունքում երկրի հարավ-արեւելքում սպանվել էին 26 թուրք զինծառայողներ եւ ոստիկաններ:

Մամլո ասուլիսի ընթացքում, կուսակցության առաջնորդը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մեղադրել է երկրում վերջին ժամանակներս ակտիվացած ահաբեկչական գործողությունների մեջ:  «Վարչապետը չպետք  պատասխանատվությունը ուրիշների վրա գցի: Նա պետք է իմանա իր պարտականությունները: Նա ընդդիմադիր կուսակցության առաջնորդ չէ, նա երկիր է ղեկավարում: Ուզում եմ ընդգծել, որ մեր զոհերի միակ պատասխանատուն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է եւ նրա առաջնորդ, վարչապետ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի լրատվամիջոցների տվյալներով` Հաքքարիում, հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցած թուրք ոստիկանների վրա քուրդ ապստամբների  գրոհի հետեւանքով զոհվել են անվտանգության ուժերի 26 աշխատակիցներ, եւս 22 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ:

Քրդական բանվորական կուսակցության անդամները կրակել են գավառի Իրաքի հետ սահմանի անցակետերի վրա, հարձակումները կատարվել են միաժամանակ:

Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում ցամաքային եւ օդային գործողություններ են սկսել:  Haber7 հեռուստաալիքի տվյալներով` հարձակումից  հետո ապստամբները թաքնվել էին Իրաքի տարածքում: Թուրքիայի ռազմաօդային ուժերը օդային  հարվածներ են հասցրել Քրդստանի բանվորական կուսակցության  (ՔԲԿ)  դիրքերին հյուսիսային Իրաքում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է հարձակումները՝ որակելով դրանք իբրեւ «ակնհայտ ահաբեկչական գործողություն»: