Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հոկտեմբերի 19-ին, շարունակվել է «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում հարցաքննվել էր հենց Տեր-Պողոսյանը, այս դատական նիստում հարցաքննությունը շարունակվում էր: ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող հատուկ գործերով վարչության ավագ դատախազ, սույն գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը նշեց, որ հարցերը տարբեր են եղել, հարցաքննությունը` բավականին մանրակրկիտ:

«Սկզբունքային որեւէ հարց առանձնացնել հնարավոր չէ, քանի որ, ի վերջո, անձը զբաղվել է սեքսուալ գործողություններով անչափահասների, մանկահասակների հետ. Հարցն այն է, թե արդյոք նա գիտակցե՞լ է այդ ամենը, եւ որքանո՞վ է զղջում իր արարքների համար: Ի դեպ, ինքն իրեն մեղավոր ճանաչում է, ընդունում, որ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս տղաների հետ, զղջում է դրա համար, բայց դա հիմա միայն, իսկ թե այն ժամանակ գիտակցել ու զղջացել է թե չէ, հենց դա էլ շատ կարեւոր էր մեզ համար պարզելը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Ամիրզադյանը:

Սերոբ Տեր-Պողոսյանը հարցաքննության ժամանակ չի ընդունել այն փաստը, որ դեռեւս 2005 թվականին, Ախթալայում ունեցել է սեռական բնույթի գործողություններ անչափահասների հետ, այլ պնդում է, որ դա եղել է 2008-2009 թվականներից, սակայն, ըստ մեղադրող դատախազի սա ընդամենը միտում է` անչափահաս տղաների տարիքն ավելի մեծ ներկայացնելու համար: Մեր դիտարկմանը, թե Սերոբ Տեր-Պողոսյանը գործ է ունեցել բացառությամբ սոցիալապես անապահով խավի ընտանիքների երեխաների հետ, հաստատեց նաեւ պարոն Ամիրզադյանը եւ հավելեց, որ ինքը Տեր-Պողոսյանը այդ փաստը կապում է իր բարեգործություն անելու հանգամանքի հետ եւ բացառում, որ հատուկ էին ընտրված այդպիսի ընտանիքներ, ինքը միայն օգնել է այդ մարդկանց:

Մինչդեռ, մեղադրող դատախազի խոսքով,  չի եղել որեւէ տուժողի ընտանիք, որտեղ եղած չլինի օրվա հացի խնդիր: Անչափահասների հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար մեղադրվող գործարարն ունեցել է առանձին բնակարան, բնակարան է եղել նաեւ Կոմբինատի չորրորդ հարկում, բայց հիմնական վայրը եղել է Տեր-Պողոսյանի նախկին բնակարանը: Դատական նիստի եւ հարցաքննության մասին այլ մանրամասներ, ելնելով դռնփակ դատաքննության գաղտնիությունից, Արամ Ամիրզադյանը չհայտնեց, ու ավելացրեց, որ այս դատական նիստին ավարտվել է իր հարցաքննությունը, հերթը դատարանինն է, իր կողմից եղել է նոր 2 վկաների միջնորդություն, ովքեր մինչ այս պահը դեռեւս գործում ներառված չեն եղել, դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունն ու հաջորդ դատական նիստին` հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ից նրանք կլսեն  նոր վկաներին: