Վերջերս Հայաստանի  Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը հանրապետության համար մեծագույն տարերային աղետը դարձավ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը մամլո ասուլիսի ընթացքում: Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին, միջպետական  M6 ավտոմայրուղու 83-րդ կիլոմետրում, Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթգծային կայարանի կամրջի մոտ (Լճակաձոր գյուղի տարածքում), սողանք է եղել:

Վ. Գաբրիելյանի խոսքով`գահավիժել է 3 մլն քմ հողային զանգված: Տարածքի երկարությունը կազմել է 300 մ, խորությունը` 60 մ, 150 մ հողային զանգված տեղափոխվել է:

Ըստ Գաբրիելյանի` ողբերգության առաջին իսկ րոպեներից համապատասխան ծառայությունները բարձր մակարդակի կազմակերպվածություն են դրսեւորել: Դեռեւս մեկ մեքենա շարունակում է մնալ սողանքային զանգվածի տակ, չեն շտապում դուրս բերել, քանի որ իրավիճակն են ուսումնասիրում: «Անկախ նրանից, այդ ճանապարհը հետագայում կգործարկվի թե ոչ, պետք է մաքրել տարածքը, քանի որ այդպիսի քանակության հողային զանգվածը վտանգ է ներկայացնում երկաթգծի եւ Դեբեդ գետի համար»:

Գաբրիելյանը հստակեցրեց, որ ինժեներական տեխնիկան գործողության մեջ չի դրվել անվտանգության նկատառումներով. սողանքը ակտիվ վիճակում է եղել  եւ ծանր տեխնիկայի կիրառումը կարող էր նոր սողանքի պատճառ դառնալ:

Մարդկանց մահվան կապակցությամբ Գաբրիելյանը նշեց, որ հողային զանգվածի տակ ողջ մնալու ոչ մի հնարավորություն չկար:

Մի քանի տարի առաջ իրականացված օդային լուսանկարահանումների տվյալներով` Հայաստանի տարածքում հաշվվում են մոտ 2,5 հազ. սողանքային գոտիներ, այդ թվում` նաեւ Երեւանում:  Դա կազմում է երկրի ընդհանուր տարածքի 4.1 %-ը:

2007թ. կառավարության կողմից սողանքի դեմ պայքարելու ծրագիր էր կազմվել: Դրանք շատ թանկարժեք միջոցառումներ են, այնուամենայնիվ, որոշակի քայլեր արվել են: Իսկ Տավուշի սողանքի պատճառը ըստ Գաբրիելյանի, ջուրն էր, ինչպես նաեւ մարդկային գործոնը: