Սանկտ-Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որի վրա հայ մասնագետներն աշխատում են 1993 թվականից։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 20-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ` 1993-ին արդեն իսկ նման համաձայնագիր ստորագրվել էր, սակայն այն չվավերացվեց։ Այդ աշխատանքները նոր թափ են ստացել վերջին 2,5 տարիների ընթացքում։ Ըստ վարչապետի` օրերս ստորագրված համաձայնագիրը Հայաստանի տնտեսության եւ տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն։
Առաջին, համաձայնագրի անդամ երկրների հետ իրականացվելու է առեւտրաշրջանառություն առանց մաքսատուրքերի։
Երկրորդ, ստեղծվում են միասնական կանոններ՝ լիցենզավորման, կոդավորման եւ այլն։ Սրա արդյունքում որեւէ երկիր այլեւս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար։
Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթուղթը կազմված է Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա։ Դրանում ամրագրված է, որ այս համաձայնագրի շրջանակում կցված անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են։
«Պետք է արձանագրենք, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետեւ նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է»,- ասաց Տ. Սարգսյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Հայաստանը նախկինում ուներ ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր ԱՊՀ անդամ պետությունների հետ, սակայն սա առաջին դեպքն է, երբ կնքվում է բազմակողմ համաձայնագիր:
Հիշեցնենք, որ ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ 8 պետություններ` Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան եւ Հայաստանը: Չեն ստորագրել ԱՊՀ անդամ հետեւյալ պետությունները. Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ադրբեջան:




























