Թուրքիան ավելի հզոր հարվածների կենթարկվի, եթե փորձի ռազմական գործողություններ իրականացնել իր սահմաններից դուրս: Այս մասին նախօրեին հայտարարել է Քրդական բանվորական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դենիսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նախօրեին թուրքական զորքերը Իրաքի հյուսիսում արդեն ցամաքային գործողություն են սկսել օդուժի աջակցությամբ` քուրդ անջատողականներին գտնելու եւ ոչնչացնելու նպատակով: Վերջիններս նախորդ գիշերը սահմանային Հաքքարիի շրջանում հարձակվել էին թուրք զինվորականների վրա, որի հետեւանքով սպանվել էր 26 թուրք զինվորական, 22-ը վիրավորվել էին, որոնցից 16-ը` ծանր:
Դրանից հետո, Հյուսիսային Իրաք է մտել թուրքական բանակի հատուկնշանակության գումարտակը, որն սկսել է հետապնդել քրդերին: Նրանց հետեւից Հյուսիսային Իրաքի տարածք են ներխուժել թուրքական բանակի նաեւ այլ ստորաբաժանումներ: Նրանք սկսել են զբաղեցնել ռազմավարական բարձունքները:
Ցամաքային զորքերի գործողություններին օժանդակել է օդուժն ու հրետանին:




























