Հանրապետական կուսակցությունն այսօր` հոկտեմբերի 20-ին, գործադիրի մարմնի նիստ չէր նախատեսել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով տեղեկությունները, թե ՀՀԿ-ն այսօր նիստ պետք է գումարեր եւ քննարկեր «Բարգավաճ Հայաստան» ԲՀԿ-ի կոալիցիայում մնալ-չմնալու հարցը:

«Հանդիպում նախատեսված չի եղել: Գործադիր մարմնի նիստ հրավիրում է կուսակցության նախագահը` գործադիր մարմնի 1/3-ի առաջարկով, այս պահին որեւէ առաջարկ չի եղել նիստ գումարելու հարցով: Ըստ կարգի, նիստ գումարվում է ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ: Մենք անցած շաբաթ նիստ արել ենք: Չեմ կարող ասել, թե երկու ժամ անց, հինգ ժամ անց, կամ վաղն ինչ կլինի»,- նշեց Շարմազանովը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ին կոալիցիոն նոր հուշագիր ներկայացվի, Էդուրադ Շարմազանովը նշեց, որ նման փաստեր չունի: «Դա լրատվամիջոցների վերլուծություններն են: Կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկել է եւ շարունակում է քննարկել Հայաստանի ներքաղաքական որոշ խնդիրներ»,- ասել է Շարմազանովը: