Վերջին երու տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանի կառավարությունը, վերջապես, հիշեց հայրենի գյուղատնտեսության մասին: Պատճառն անցած տարվա բերքի զգալի մասի ոչնչացումն էր, ինչի հետեւանքով գյուղատնտեսական շուկայում ստեղծվեց պահանջարկի եւ առաջարկի տարբերության անհավասարակշիռ վիճակ: Բանջարեղենի եւ մրգի մանրածախ գները կտրուկ բարձրացան` սրելով ընդհանուր գնաճը: Բնակչության իրական վճարունակությունը նվազեց, քանի որ գնաճի տեմպերը գերազանցեցին միջին ամսական աշխատավարձի աճի տեմպերը: Երկրում բարձրացավ աղքատության եւ թերսնման մակարդակը:

Այս ֆոնին առաջին անգամ անցկացվեց հայ գյուղատնտեսների առաջին համաշխարհային  «Հայագրոֆորումը»: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության մշակած «Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը»:

Նշենք, որ Հայաստանի բնակչության 1/3-րդը բնակվում է գյուղերում եւ չի կարողանում կերակրել ոչ իրեն, ոչ էլ մնացած 2/3-րդին:

Մինչդեռ, զարգացած երկրներում գյուղական բնակչությունը կազմում է չնչին տոկոս, սակայն գյուղատնտեսությունն ապահովում է ոչ միայն ներքին սպառումը, այլեւ արտահանում է արտադրանքի զգալի մասը:

Հայաստանի գյուղատնտեսությանը խանգարում է հնացած ու ոչ արդյունավետ արտադրական տեխնոլոգիաները, աշխատանքի ցածր մեխանիզացիան, ֆերմերային հողատարածքների փոքրությունը:

Վարչապետի ներկայացրած տվյալներով, 340 տնտեսություններն ունեն ընդամենը 430 հազար հեկտար մշակվող հող: Գյուղատնտեսի միջին հողակտորը 1,3 հեկտար է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ շահութաբերություն ապահովելու համար հողակտորը պետք է լինի առնվազն 100 հեկտար:

Գյուղատնտեսության նախարարը տարեսկզբին հայտարարեց 55 համայնքներում գյուղատնտեսական կոպերատիվների ձեւավորման մասին: Վարչապետը եւս հայտարարեց կոոպերացիայի ընդլայնման անհրաժեշտության մասին` գյուղատնտեսության արդյունավետության տարեկան 30 տոկոս աճ ապահովելու միտումով: Եթե արդյունավետության տակ վարչապետը նկատի ունի արտադրանքի ծավալը, ապա ստացվում է, որ արդեն երրորդ տարում լինելու է կրկնակի աճ: Համաշխարհային պրակտիկայում նման նախադեպ չի եղել:

Այդ արդյունքին հասնելու համար, պետությունը կհամաֆինանսավորի գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման 50 տոկոսը:

Սակայն գյուղի խնդիրը միայն տեխնոլոգիական չէ: Արտագաղթն ու խոշոր բիզնեսի մուտքը գյուղատնտեսություն կարող է կասեցնել զարգացումը: Հայեցակարգը ներկայացնելիս վարչապետը ընդգծեց, որ ծրագիրը չի ներառում միայն գյուղատնտեսությունը: Այն վերաբերում է գյուղի ընդհանուր զարգացմանը: