Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժման մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա, քանի որ դա նախկինում եւս կատարվել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ռուսաստանյան իսնտիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը` մեկնաբանելով Հյուսիսային Իրաքում թուրքերի զինված ուժերի ռազմական գործողությունները ընդդեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK):
«Շատ հեռու նրանք չեն կարող մտնել, քանի որ այդ դեպքում «ոչ այնքան հաճելի» խոսակցություն կլինի ամերիկացիների հետ, սակայն պետք չէ մոռանալ, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների ֆոնը ամենաջերմը չէ»,-ընդգծեց զրուցակիցը:
Խոսելով քրդերի հնարավոր պատասխան քայլերի մասին` Խրամչիխինը նշել է, որ նրանք, սկզբունքորեն, հակադրելու ոչինչ չունեն: «Ակնհայտ է, որ կողմերի ռազմական հզորությունն անհամամետելի է: Քրդերի միակ առավելությունը բարդ ռելիեֆ ունեցող տեղանքում լավ կողմնորոշվելն է եւ այն գրագետ օգտագործել կարողանալը»,- նշեց փորձագետը: Հարցին, թե հնարավոր է, որ թուրքական զտումը վերածվի PKK-ի ճամբարի տոտալ ոչնչացման, նա պատասխանեց, որ «մինչ այդ դա տեղի չի ունեցել»:
PKK-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դենիսի այն հայտարարությունը, թե Թուրքիան «ուժեղ հարվածի» կենթարկվի, եթե փորձի իր սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականցնել, Խրամչիխինը նույնպես զուտ խոսքեր անվանից: «Կարողանային` ավելի վաղ կանեին»,-նշեց նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նախօրեին թուրքական զորքերը Իրաքի հյուսիսում ցամաքային գործողություն են սկսել օդուժի աջակցությամբ` քուրդ անջատողականներին գտնելու եւ ոչնչացնելու նպատակով: Վերջիններս նախորդ գիշերը սահմանային Հաքքարիի շրջանում հարձակվել էին թուրք զինվորականների վրա, որի հետեւանքով սպանվել էր 26 թուրք զինվորական, 22-ը վիրավորվել էին, որոնցից 16-ը` ծանր:
Դրանից հետո, Հյուսիսային Իրաք է մտել թուրքական բանակի հատուկնշանակության գումարտակը, որն սկսել է հետապնդել քրդերին: Նրանց հետեւից Հյուսիսային Իրաքի տարածք են ներխուժել թուրքական բանակի նաեւ այլ ստորաբաժանումներ: Նրանք սկսել են զբաղեցնել ռազմավարական բարձունքները:
Ցամաքային զորքերի գործողություններին օժանդակել է օդուժն ու հրետանին:



























