Թուրքական բանակի ներխուժումը Հյուսիսային Իրաքի տարածք Թուրքիայի եւ Քրդական բանվորական կուսակցության պայքարի հերթական փուլն է, ուրիշ ոչինչ: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Մերձավոր Արեւլքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

«Սա թուրքական բանակի ստանդարտ պայքարն է ՔԲԿ-ի դեմ: Քրդերը սպանել են 20-ից ավելի թուրք ոստիկանների, Թուրքիայի պատասխանն էլ պետք է լիներ անխուսափելի», - նշեց փորձագետը` հիշեցնելով, որ վերջին 10 տարում այդ պայքարի զոհ է դարձել ավելի քան 45 հազար մարդ:

Սատանովսկին բացառեց արտաքին միջամտությունը:

«Կես դար ոչ ոք չի միջամտել իրավիճակին: Նույնիսկ, Սադամ Հուսեյնի բանակը չէր խանգարում Թուրքիային: Այնպես որ ոչ մի արտաքին ուժ պատճառ չունի միջամտել թուրքերի եւ քրդերի դիմակայությանը»,- հայտարարեց Սատանովսկին:

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական զորքերը քուրդ ապստամբներին ոչնչացնելու նպատակով օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսում: Դրան նախորդել էր քրդերի հարձակումը Հաքարի սահմանամերձ նահանգում 26 թուրք զինծառայողների սպանությունը: