Լիբիայի պարտված առաջնորդ Մուամար Քադաֆին, ում մահվան մասին տեղեկացնում են ներկայիս իշխանությունները, խնդրել է, որ իր վրա չկրակեն, տեղեկացնում է Reuters-ը:

Գործողություններին մասնակցած զինյալները պատմել են, որ երբ Քադաֆին հայտնաբերվել է խրամատում, իրեն բռնողներին խնդրել է. «Մի կրակեք, մի կրակեք»:

Նրան բռնել են լիբիական Սիրտ քաղաքի` Քադաֆիի կողմնակիցների վերջին ապաստանի տապալումից մի քանի րոպե անց:

Հիշեցնենք, Լիբիայի նոր իշխանությունների` Անցումային ազգային խորհրդի   պաշտոնական ներկայացուցիչը այսօր հայտնել է, որ Մուամար Քադաֆին մահացել է հոկտեմբերի 20-ին` Սիրտ քաղաքի գրավման ընթացքում ստացած վնասվածքների պատճառով:

Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը ավելի վաղ հայտնել էր, որ Քադաֆին հոկտեմբերի 20-ի առավոտյան բռնվել է եւ 2 ոտքից վիրավորվել, երբ փոձել է փախուստի դիմել:

«Նա նաեւ գլխից էր վիրավորվել: Նրա խմբի վրա շատ կրակեցին, եւ նա մեռավ»,- հայտարարել է պաշտոնյան:

Փետրվարի կեսերին Լիբիայում սկսեցին բողոքի զանգվածային ցույցեր, որով պահանջում էին երկիրը 40 տարուց ավելի ղեկավարող Մուամար Քադաֆիի հեռացումը:

Ցույցերը վերածվեցին կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ զինված պայքարի:

ՆԱՏՕ-ի օգնությամբ ընդդիմադիր ուժերը կարողացան վերահսկողության տակ առնել Լիբիայի ողջ տարածքը: Ձեւավորվեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (երկրի նոր իշխանությունները), որը ճանաչեցին 60 երկրներ, այդ թվում` Հայաստանը: Քադաֆին այս ամբողջ ընթացքում թաքնվում էր նոր իշխանություններից, իսկ ռադիոյով ելույթ ունենալով խոստացել էր, որ կպայքարի մինչեւ վերջ: