Տրիպոլիում, Բենղազիում եւ Միսուրատայում ժողովրդական ցնծություններ են սկսվել 40 տարուց ավելի երկիրը ղեկավարած Մուամար Քադաֆիի մահվան լուրի կապակցությամբ:

Ինչպես փոխանցում է «Ալ Ջազիրան»,  հեղափոխական ուժերի զինյալները Միսուրատայում ի նշան ուրախության օդ են կրակել, չնայած Անցումային ազգային խորհրդի արգելքին:

«Ալ Ջազիրայի» աղբյուրները հայտնել են, որ  Քադաֆին իբրեւ թե փորձել է դուրս պրծնել շրջափակված Սիրտից եւ փախչել արեւելքի ուղղությամբ` անապատում թաքնվելու մտադրությամբ, բայց կանգնեցվել է Միսուրատայի զորախմբի կողմից: Դաժան պայքարի ընթացքում գնդապետը ծանր վնասվածքներ է ստացել, ինչի արդյունքում մահացել է:

Միեւնույն ժամանակ, Սիրիայում հեռարձակվող իրաքյան «Ար-Ռայ» հեռուստակայանը, որը վերածվել էր լիբիական պարտված առաջնորդի խոսափողը, ավելի վաղ հաղորդել էր, որ Քադաֆին որդու` Սեյֆ ալ-Իսլամի հետ կարողացել է դուրս պրծնել շրջափակված Սիրտից եւ գտնվում է ապահով վայրում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ, Սիրտում սպանված Մուամար Քադաֆիի տապալված վարչակարգի պաշտպանության նախարար Աբու Բակրա Յունիս Ջաբերի մարմինը ցուցադրվել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով: Լուրի իսկությունը կասկածի ենթակա չէ, տեսագրությունը հստակ ցույց է տալիս, որ Ջաբարը մահացել է կրծքի վնասվածքից: Սակայն սպանված Մուամար Քադաֆիի առաջին լուսանկարները կասկածների տեղիք են տալիս: