ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մարտինի Զաքարյանը:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զինվորի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Զաքարյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել: Վերջին օրերին բանակում երեք զինվորի մահ է արձանագրվել, որոնց բոլորի դեպքում ՊՆ քննչական ծառայությունը դա համարել է ինքնասպանություն:




























