Բանակում իրավիճակը մտահոգիչ է բոլորի համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: «Հասարակակական մտահոգությունը նույնպիսի ուժգնությամբ կա նաեւ բանակում: Այսինքն` իրավիճակը փոխելու պահանջը ոչ միայն հասարակական պահանջ է, եւ ներկայացված է հասարակությունից, դա բանակի ներքին պահանջն է»,- ասաց նա:
Գեղամ Հարությունյանի կարծիքով` տարեցտարի բանակում իջնում է մահացության մակարդակը, սակայն հասարակությանն այդ տեմպը չի բավարարում, եւ բոլորն էլ ցանկանում են, որ այդ նվազումը լինի կտրուկ: «Ունենք դեպքերի թվի որոշակի ավելացում, բայց մահացության պակաս»,- սփոփեց Գեղամ Հարությունյանը: Նրա խոսքով` բանակում ամենից մտահոգիչ փաստը բռնության եւ նվաստացման հիմքի վրա տեղի ունեցած մահացության դեպքերն են:
«Տեխնիկական վերազինումը կարելի է իրականցնել երեք ամսվա ընթացքում, անձնակազմի ուսուցումը եւս բարդ խնդիր չէ, բայց միջանձանային հարաբերությունները վերահսկելը բարդ գործ է»,- նշեց նա` հավելելով, որ բանակը երբեք չի խուսափում իր պատասխանատվությունից: Հասարակական խորհրդի նախագահը բանակում առկա խնդիրների լուծումը տեսնում է հետագա մասնագիտացված խորացած աշխատանքի մեջ:
Հիշեցնենք, որ ըստ Պաշտպանության նախարարության տվյալների` նախորդ տարի հայկական բանակում գրանցվել է 54 մահվան դեպք, իսկ այս տարի, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, արդեն գրանցվել է մահվան 30 դեպք:Միայն վերջին շրջանում արձանագրվել են մի շարք դեպքեր:
Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, մահացել էր ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:
Պաշտոնական վարկածով, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Եւս մեկ զինծառայող` Արամ Աշոտի Մելքոնյանը մահացել էր հոկտեմբերի 13-ին Իջեւանում: Երեք դեպքում էլ ՊՆ-ն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով:




























