ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին զորամասում ծեծելու եւ ստորացնելու փաստի առթիվ քրեական գործով, հոկտեմբերի 20-ին, ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ժորա Մկրտչյանը սուր փսիխոզ ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արթիկից զորակոչված Ժորա Մկրտչյանին դաժան ծեծի էին ենթարկել, ծխախոտ հանգցրել նրա վրա: Ըստ մամուլի որոշ հրապարակումների` նրա նկատմամբ նաեւ սեռական բռնություններ էին կիրառվել, սակայն պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը:
Զինվորը խոշտանգումների հետեւանքով, ներկայումս «սուր փսիխոզ» ախտորոշմամբ, գտնվում է հոսպիտալում: Նրա հայրը` Մկրտիչ Մկրտչյանը հայտնել է, որ իր որդուն ստորացնող զինծառայողների շրջանակը հայտնի է, բայց նրանք դեռ ազատության մեջ են:
Հայրը, ով տեսել է որդուն հոսպիտալում, այսպես է նկարագրել նրա վիճակը. «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում»:
Հայրը միջադեպի մասին իմացել է սեպտեմբերի 27-ին, թեեւ դեպքն ավելի շուտ է եղել:
«Զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը, տղես էլ ասել է` թե ի՞նչ եք անում, տղերք, նման բան անո՞ւմ են, դա իմ պատիվն է, պիտի տանեմ, ցույց տամ, որ ես ծառայել եմ «ու էդ կռիվը սկսվել է», - պատմել է Մկրտիչ Մկրտչյանը:
«Սա բանակ չէ, բանակի վիճակ չէ: Տանջվելով երեխա եմ մեծացրել, որ տանեն խելա՞ռ սարքեն կամ դիա՞կ տան ձեռքս: Աֆիցերներներին փողով մատակարարում են, որ իրենց էրեխեքը բանակում ինչ այլանդակություն, ինչ ստորություն ասես անեն», - ասել է զայրացած հայրը:




























