«Զրպարտության» եւ «վիրավորանքի» հոդվածի ապաքրեականացումից հետո բուռն արշավ սկսվեց թերթերի դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը` հավելելով, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ «օլիգարխները սպասում էին, որ դրույթներն ապաքրեականացվեն եւ նոր միայն սկսեն արշավը»: «Ավելի լավ է մի ծեծ ավել ուտեմ, քան թերթը կանգնի փակվելու վտանգի առաջ»,-նշեց նա: Արամ Բաբաջանյանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանը կշտկի իրավիճակը, քանի որ իրավիճակը շտկելու հեղինակը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է:

«Եթե օմբուդսմենը գնացել է այս քայլին, ուրեմն իշխանությունը փորձում է օմբուդսմենի միջոցով խնդրին լուծում տալ», -հավելեց «Ժամանակ»-ի խմբագիրը: ՍԴ-ի հետ հույսեր է կապում նաեւ ասուլիսի մյուս բանախոսը`  «Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանը. «Մի քիչ ավելի հույս ունեմ, որ այդ դրույթները ՍԴ-ն կճանաչի հակասահմանադրական»:

Իսկ ահա «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը Սահմանադրական դատարանից հույս չունի. Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության եւ վիրավորանքի դրույթները Սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչելը նրա համար համարժեք է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն: «Օրենքն ընդունվեց հապճեպ, հաշվի չառնվեց դատական պրակտիկան, ինչպես նաեւ օլիգարխների, պաշտոնյաների քաշային հարաբերակցությունը, որոնք փորձում են սնանկացման միջոցով վրեժ լուծել լրատվամիջոցներից», -հավելեց «Առավոտ»-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ մի քանի թերթերի խմբագիրներ երկու օր առաջ դիմել են Սահմանադրական դատարան կոչ անելով հակասահմանադրական ճանաչել քաղաքացիական օրենսգրքի զրպարտության ու վիրավորանքի մասին դրույթները: Նրանք կարծում են, որ ՍԴ-ի դրական պատասխանից հետո թերթերի դեմ հարուցված բոլոր վարույթները կկասեցվեն: