Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, այսօր` հոկտեմբերի 21-ին, կազմակերպության Գլխավոր ասամբլեան պետք է ընտրի Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամների։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամներ` ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Չինաստան։ Այս 5 երկրներն ունեն վետոյի իրավունք, որը շնորհված չէ Անվտանգության խորհրդի մնացած` ոչ մշտական 10 անդամներին։

Այդ երկրները հերթագայության կարգով ընտրվում են ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ կետի 23-րդ հոդվածի համաձայն։

Անվտանգության խորհրդի ընտրվելիք հինգ անդամները գալիք տարվա հունվարի 1-ից փոխարինելու են Լիբանանին, Բոսնիա-Հերցեգովինային, Բրազիլիային, Գաբոնին եւ Նիգերիային։

Հինգ տեղերից երեքը տրվելու են Աֆրիկյան եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան խմբավորումներին, մեկը` Արեւելաեվրոպական, մեկն էլ` Հարավամերիկյան-Կարիբյան խմբավորմանը։ Աֆրիկյան տեղի համար պայքարում են Մարոկոն, Մավրիտանիան եւ Տոգոն, Ասիական-Խաղաղօվկիանոսյանի համար` Պակիստանը եւ Ղրղըզստանը, Հարավամերիկյան-Կարիբյան տեղին հավակնում է մեկ թեկնածու` Գվատեմալան։

Ըստ վերլուծաբանների` առավել թեժ է լինելու Արեւելաեվրոպական խմբավորման թեկնածուների պայքարը, որը մղում են Ադրբեջանը, Հունգարիան եւ Սլովենիան։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Շահին Աբդուլաեւն ասել է, որ Անվտանգության խորհուրդ ընտրվելու դեպքում իր երկիրը էապես կակտիվացնի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդասիրական եւ խաղաղապահ առաքելություններում։

Այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու Ադրբեջանի հնարավորություններն էական չեն, հաղորդում է «Ազատությունը»: