Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը 2012թ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ`առանց որեւէ կուսակցության հետ դաշինք ստեղծելու: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց այդ կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` հավելելով, որ չունեն հրավեր որեւէ կուսակցությունից, չեն հրավիրի ոչ մեկին: «Մեր խնդիրն է հայոց պառլամենտարիզմի ինստիտուտում լցնել մարքսիզմը որպես տիեզերական վարդապետություն, սա Մարքսիստական կուսակցության գլխավոր նպատակն է»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է 2013թ կայանլիք նախագահական ընտրություններին, ապա գլխավոր մարքսիստի խոսքով, կուսակցությունը չի սատարի նախագահի ոչ մի թեկնածուի, այլ կմասնակցի իր թեկնածուով, որը չի բացառվում, որ լինի կուսակցության ղեկավարը:
Հայաստանի գլխավոր մարքսիստը համարում է, որ ինքը գաղափարական տեսակետից մրցակից չունի, իսկ ֆինանսական կապիտալի հարցը կլուծվի ժամանակի ընթացքում: Իր մասնակցությունը նախագահական ընտրություններին Դավիթ Հակոբյանը համարում է պատմական անհրաժեշտություն:
Իրենց կուսակցության նախընտրական կարգախոսներին երեքն են` նոր տնտեսական քաղաքականություն, նոր ագրարային քաղաքականություն եւ նոր ազգային դիվանագիտական դոկտրինա: «Սրանք կլուծեն երեք գլխավոր խնդիրները, որոնք ծառացել են մեր ազգի առջեւ, իսկ ավելի բաց տեքստով հանդես կգամ ընտրարշավի ժամանակ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:




























