Ինտերնետում հայտնվել է Մուամար Քադաֆիի կյանքի վերջին րոպեներն արձանագրած տեսահոլովակը, որտեղ գնդապետը վիրավոր է, բայց դեռ կենդանի, գրում է The Telegraph-ը:

Լիբիայում աշխատող արեւմտյան եւ արաբական լրատվամիջոցների թղթակիցներին այսօր ցուցադրել են սպանված Քադաֆիին: Al-Arabiya հեռուստաալիքը եթերում ցուցադրել է Քադաֆիի մարմինը: Լիբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ գնդապետը մահացել է գլխին ստացած վերքից, ինչն ապացուցել է նաեւ հերձումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Լրագրոներին են ցուցադրել նաեւ Մուամար Քադաֆիի որդիներից մեկի` Մութասիմ Քադաֆիի մարմինը, ով մահացու վիրավորվել էր կրծքից, նաեւ Քադաֆիի օրոք պաշտպանության նախարար Աբու Բաքր Յունիս Ջաբերի մարմինը:

Գնդապետի մյուս որդու` Սեյլ ալ-Իսլամի մարմինը չեն ցուցադրել լրագրողներին, թեեւ հաղորդվում է, որ նա նույնպես սպանվել է:

Այդուհանդերձ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի հավատում, որ Քադաֆին մահացած է եւ վստահ է, որ նա վաղուց արդեն գտնվում է ապահով վայրում: «Մենք չենք հավատում Քադաֆիի մահվան լուրերին: Նա շատ խելացի մարդ է, Աֆրիկայի Կարլ Մարքսը, լիբիական Գարիբալդին եւ նա հսկայական փողեր ուներ: Իմանալով Սադամ Հուսեյնի եւ այլ արաբական երկրների առաջնորդների ճակատագիրը, քիչ հավանական է, որ Քադաֆին թույլ տար իրեն գերի վերցնել կամ սպանել»,- ասել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով, Աֆրիկան հսկայական մայրցամաք է, որտեղ Քադաֆին լավ կապեր ուներ արաբական երկրների հետ: Նա չէր կարող նման սխալ թույլ տար, որ դառնար հետապնդման, գերեվարման զոհ եւ սպանվեր:

Ժիրինովսին կարծիք է հայտնել, որ Լիբիան ամենալավ կյանքի պայմաններն ունեցել է Քադաֆիի օրոք, որն այլեւս երբեք չի լինի: Խոսքը չի գնում միայն էժան բիզնեսի մասին, այլ նաեւ անվճար էլեկտրականության, բնակչության մի մասի համար անվճար բնակարանների, հսկայական դոտացիաների եւ այլնի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: