NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված Գիյոմ Պերիեի հոդվածը.

«Ֆրանս-թուրքական հարաբերությունները տենդի նոր նոպա են ապրում,  եւ 2001թ-ից սկսած, ինչպես միշտ,  պատճառը Հայոց ցեղասպանությունն է: Թուրքիայում քաղաքական գործիչներն ու մեկնաբանները միաբերան քննադատում են «պատմության դասերը», որոնք Թուրքիային տվեց Նիկոլա Սարկոզին` հոկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:

Սարկոզին հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ճանաչի  Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Նա  պահանջել էր, որ ճանաչումը Թուրքիայի կողմից տեղի ունենա կարճ ժամկետներում,  մի խոսքով` նախագահական արշավի ժամանակ: «Եթե Թուրքիան դա չանի, ապա, հավանաբար, անհրաժեշտ կլինի առաջ գնալ»,-ասել էր Ֆրանսիայի նախագահը` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը թաղված է Սենատում:

Սարկոզին այսօր մոտենում է սոցիալիստների նախագծին, որով քրեկանացվում է Հայոց ցեղասպանության ժխտումը: 2007թ. ապրիլին, իր ընտրության նախօրեին,  նա խոստացել էր հասնել նրան, որպեսզի «Ֆրանսիայում  ի վերջո պայքարեն  Հայոց ցեղասպանության ժխտման ցանկացած դրսեւորման դեմ:»

Սակայն մեկ ամիս անց Ելիսեյան պալատի խորհրդական Ժան Դավիդ Լեվիտը, առաքելությամբ ուղեւորվելով Անկարա,  հանգստացրել էր թուրքական իշխանություններին. «Պրն Սարկոզին երաշխավորում է, որ օրինագիծը կմահանա Սենատում»,- ասել էր նա` համաձայն «WikiLeaks»-ում հրապարակված  դիվանագիտական հաղորդագրության: Հենց այդպես էլ տեղի ունեցավ:  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները դա գնահատեցին որպես դավաճանություն: Այդ իսկ պատճառով մոտ  450 հազարանաց համայնքում  նոր նախընտրական խոստումներն  առանձնահատուկ զգուշավորությամբ են ընդունվում:

Սարկոզիի նպատակը  հատկապես  մրցակից սոցիալիստների համար դաշտը բաց չթողնելն էր:  Այդ կապակցությամբ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը կանխել էր նրան,  քանի որ նրա հավատարմությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը  նրա  նախագահական թեկնածության  շրջանում չի առաջացել: Դեռ 1998 թ-ից, երբ նա Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղարն էր,  այն ժամանակվա վարչապետ Լեոնել Ժոսպենին համզում էր, որ խորհրդարանն ընդունի  ցեղասպանության ճանչման մասին օրենքը:

Օլանդը, որը 2007թ-ին եղել է Հայաստանում, շատ մոտ հարաբերություններ ունի Սոցինտերնի անդամ  ՀՅԴ-ի հետ, որը կազմակերպում է հայկական սփյուռքը, ինչպես նաեւ ագրեսիվ լոբբիստական գործունեություն է իրականացնում` իր գործն առաջ տանելու համար: «Մենք նրա հետ բացառապես սերտ քաղաքական հարաբերություններ ունենք»,-ասում է Եվրպայում ՀՅԴ ղեկավար Մուրադ Փափազյանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ «հայկական հարցը» մխրճվում է ֆրանսիական ընտրարշավի մեջ: 2001թ. ցեղասպանության ճանաչման ժամանակ օրենսդրական մարտեր էին ծավալվել ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ Սենատում,  նախընտրական շարժառիթները եւս նկատելի էին:

Այդ պահից, քանի դեռ թեման օրակարգում է,  որոշ պատմաբաններ, այդ թվում` «Ազատություն պատմության համար» շարժումը  ղեկավարող Պիեռ Նորան, հանդես են եկել ընդդեմ «հուշային օրենքների»,  որոնք, նրանց խոսքով,  կարող են արգելափակել ցանկացած պատմական քննարկում: Յուբեր Վեդրինի խոսքով` «Թուրքիային հնարավոր չէ ստիպել փոխվել օրենքներով կամ պատիժներով»: Օրինագծի պաշտպաններն այս կարծիքին հակադրում են էթիկական դիրքորոշումը` Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում, ինչպես դա եղել է Հոլոքոստի պարագայում:

Իրականում հիերարխիա է ստեղծվել ХХ դարի տարբեր ցեղասպանությունների միջեւ: Սակայն օրենքի առջեւ հավասարության սկզբունքից ելնելով` Ֆրանսիայի հայազգի քաղաքացիները  իրավական պաշտպանություն են պահանջում: Բայց ակնհայտ է, որ այդ դատողությունները պետք է զերծ լինեն ցանկացած նախընտրական օպորտունիզմից, այլապես կկորցնեն համոզչությունը: Դրանք, իհարկե, պետք է հեռու լինեն Անկարայից  կամ հայկական սփյուռքը վերահսկող քաղաքական խմբերից եկող  ցանկացած ճնշումից եւ չօգտագործվեն որպես պատժամիջոց Թուրքիայի դեմ:  Դրանք պետք է  հատուկ ուղեկցվեն ըմբռնման այն դրական դինամիկայով, որը նկատվում է թուրքական հասարակության մեջ, որտեղ «ցեղասպանություն» բառն այլեւս բացարձակ տաբու չի ընկալվում»: