Ռեշար Մալիեն, Կլոդ Բոդենը եւ ավելի քան հիսուն ֆրանսիացի պատգամավորներ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որով առաջարկվում է չեղյալ համարել յոթ տարվա համար (2007–2013թթ.) մոտ 900 մլն եվրոյի վարկի տրամադրումը Թուրքիային` ԵՄ նախնական անդամակցության նպատակով, այս մասին տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին:
Ինչպես ամեն տարի, Ֆրանսիան Եվրամիության միջոցով Թուրքիային է վճարում գրեթե 150 մլն եվրո նրա անդամակցության համար:
Իմանալով, որ Ֆրանսիայում բոլոր հարցումները ցույց են տալիս նույն արդյունքը (համաձայնություն Թուրքիայի հետ արտոնյալ գործընկերությանը, անհամաձայնություն` այդ երկրի ԵՄ անդամակցությանը), պարադոքսային է միջոցներ հատկացնել մի նպատակի համար, որը ցանկալի չէ ոչ ֆրանսիացիների, ոչ թուրքերի համար:
Հաշվի առնելով Ֆրանսիայի ֆինանսական վիճակը, պատգամավորները կարծում են, որ պետք է վերջ դրվի «այդ բյուջետա-քաղաքական պարադոքսին»:
Այդ փոփոխությունները համապատասխանում են Ֆրանսիայի եվրոպական քաղաքականությանը: Թուրքիան Եվրոպայում չէ, եւ դա ակնհայտ է թե աշխարհագրական, թե պատմական առումով:



























