ԱՊՀ ազատ առեւտրի գոտուն չպետք է խառնվեն երրորդ երկրների ապրանքներ, մասնավորապես` Թուրքիայի եւ Չինաստանի: Այսպիսի կարծիք է արտահայտել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի  մաքսային միության պատասխանատու քարտուղար Սերգեյ Գլազեւը` ԱՊՀ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին նվիրված Երեւան- Մոսկվա- Կիեւ-Քիշնեւ-Աստանա հեռուստակամուրջի ընթացքում:

Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում` Համագործակցության 8 երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ ստորագրման հնարավորությունը կվերանայեն նաեւ մնացած երեք երկրները` Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Ս. Գլազեւի կարծիքով` ԱՊՀ ազատ առեւտրի գոտու հետ պետք է համաձայնեցնել տարածաշրջանային գործող գոտիները:  «Միասնական մաքսային միության ներսում մեզ մոտ առեւտրային սահմանափակումներ չկան, սակայն ազատ առեւտրի գոտու ստեղծման դեպքում այդ հարցը սկզբունքային նշանակություն է ձեռք բերում: Գոտու մասնակիցները պահպանում են երրորդ երկրներ փնտրելու եւ նրանց հետ ազատ առեւտրի համաձայնագրեր ստորագրելու հնարավորությունը: Սա լրացուցիչ ջանքեր կպահանջի ապրանքների ծագումը պարզելու հարցում` դա վերաբերում է եւ չինական գործվածքներին, եւ թուրքական մեծ քանակությամբ ապրանքներին, որոնց ծագումը պարզելը միշտ չէ, որ դյուրին է», - հայտարարել է Ս. Գլազեւը: Այս կապակցությամբ, ավելացրել է նա, առեւտրային ռեժիմների համաձայնեցումը արդիական է արդեն այսօր: Հիշեցնենք,  Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի մասնակից երկրներից մեկը` Մոլդովան, բանակցություններ է վարում Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար:

Գլազեւը հիշեցրել է, որ մասնակիցների շահերին վտանք սպառնալու դեպքում պայմանագրի ազատ առեւտրի ռեժիմը կփոխարինվի առավելագույնս նպաստող ռեժիմով, որի դեպքում կրկին կներդրվեն ներմուծման վճարներ:  «Հնարավոր է, ապագայում կպայմանավորվենք զերծ մնալ պաշտպանական միջոցառումներից, բայց առայժմ այդ նորմը առկա է: Ամենակարեւորն այն է, որ չկորցնենք մեր պետությունների առեւտրի պոտենցիալը` երրորդ երկրների հետ համաձայնության գալու արդյունքում», - նշել է Մաքսային միության քարտուղարը:

Հիշեցնենք, ազատ առեւտրի գոտու պայմանագիրը ենթադրում է մեծ քանակությամբ ապրանքների արտահանման եւ ներմուծման հարկերի վերացում ԱՊՀ երկրների ներսում: Մի շարք ապրանքների մաքսային վճարները ժամանակավորապես  կպահպանվեն, օրինակ` Ռուսաստանում ուկրաինական շաքարի եւ ալկոհոլային արտադրանքի ներմուծման դեպքում: Սակայն պայմանագրով նախատեսվում է հետագայում աստիճանաբար չեզոքացնել նաեւ այս վճարները: