ԱՊՀ ազատ առեւտրի գոտին ռուսական հումքն ավելի մատչելի կդարձնի հայկական բիզնեսի համար: Այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը, հավելելով, որ խոսքը վերաբերում ոչ թե ներմուծման մաքսատուրքերին, քանի որ ԱՊՀ երկրների ապրանքները Հայաստան են մուտք գործում առանց մաքսատուրքերի, այլ գործընկեր երկրներ արտահանման մաքսատուրքերին:
Նա նշել է, որ այս համաձայնագիրը, որը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին, ԱՊՀ 8 երկրների միջեւ (բացառությամբ Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի) նախատեսում է հետագա երկկողմ բանակցություններ մասնակից երկրների միջեւ` երկկողմ մաքսատուրքերի մասին:
«Արտահանման մաքսատուրքերի վերացումը, ԱՊՀ երկրներից ներմուծվող ապրանքները, մասնավորապես ռուսական հումքն ավելի մատչելի կդարձնի: Այդ դեպքում դա դրականորեն կանդրադառնա հայկական ապրանքների եւ ինքնարժեքի եւ մրցունակության վրա»,- նշել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Ռուսաստանում 6,5 տոկոսանոց ներմուծման մաքսատուրք է սահմանվել չմշակված ադամանդների համար: Ռուսական ադամանդների ներմուծումը Հայաստան 2010-ին կազմել է շուրջ 20,2 մլն դոլար, արտահանումը` 19,5 մլն դոլար:


























