Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 21-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պապովին եւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ նման դիրքորոշումը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը եւ, բնականաբար, նաեւ համանախագահների մոտեցումներին, որոնց մասին հրապարակային բազմիցս հայտարարվել է: