Մոսկվայի «Садовод» («Այգեպան») շուկայում, որտեղ հոկտեմբերի 17-ին կովկասցիները կրակոցներ էին արձակել` վիրավորելով 4 մարդու, հատուկ նշանակության զորքերի 200-ից ավելի ծառայողներ ստուգումներ են անցկացրել: Արդյունքում 370 մարդ ձերբակալվել է, որոնցից մի քանիսին կասկածում են տարբեր հանցագործություններ կատարելու մեջ: Այս գործողության կապը հոկտեմբերի 17-ին կատարվածի հետ չի հստակեցվում, հայտնում է NEWSru.com-ը` որպես աղբյուր նշելով «Ինտերֆաքս»-ը:
Շուկայի զբաղեցրած երեք հա տարածքում ՆԳՆ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մոսկովյան վարչության աշխատակիցները, Մոսկվայի քրեական հետախուզության վարչության հետաքննիչները եւ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչները ստուգումներ էին անցկացնում առեւտրականների շրջանում: Բացի այդ, շուկայի ստուգայցին մասնակցում էին մոսկովյան ոստիկանության ավիաջոկատները եւ կինոլոգները` շների ուղեկցությամբ:
Ոստիկանները մանրամասն զննել են ավտոմոբիլային տրանսպորտը եւ անօրինական ներգաղթածների բնակության վայրերը: Ինչպես հայտնել են Մոսկվայի հատուկ նշանակության ջոկատի մամուլի ծառայությունից, փնտրել են զենք, պայթուցիկ նյութեր եւ թմրանյութեր: Հետաքննության շահերից ելնելով` դրանց գտնվելու կամ չգտնվելու մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին Մոսկվայի «Садовод» շուկայում Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ կատարված կրակոցների պատճառը բջջային հեռախոսի գինը զեղչելու մերժումն է եղել:
Տուժել են Ադրբեջանի երեք եւ Աֆղանստանի մեկ քաղաքացի: Ոստիկանությանը հաջողվել է բռնել կրակողներից մեկին` Դաղստանի 26-ամյա բնակչին: Նրա մոտից բռնագրավել են տրավմատիկ ատրճանակ` երկու պարկուճներով, որոնցից մեկը դատարկ է եղել: Կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասի համաձայն (խուլիգանություն):


























