Հայկական ատոմակայանի` իբր սպառնալիքի մասին բոլոր խոսակցություններն անհիմն են: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պետական տեսուչ, վթարային պլանավորման գլխավոր մասնագետ Մարտուն Գեւորգյանը:

Նա հիշեցրեց, որ ընթացիկ տարվա մայիս-հունիսին Հայաստանում էր ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբը, որն իր եզրակացություններում դրական  է արձագանքել այստեղ նկատած մի քանի միջոցառումների  եւ առաջարկել է դրանք իրականցնել այլ ատոմակայաններում:

«Ինքս արդեն 40 տարի ատոմային էներգետիկայում եմ,  զբաղեցրել եմ բոլոր օպերատիվ պաշտոնները, եղել եմ թողարկման տեսուչ: Մեր ռեակտորը շատ հուսալի է»,- ընդգծեց փորձագետը` ավելացնելով, որ  կայանի շահագործումն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի եւ Ռուսաստանի հետ սերտ գործակցությամբ:

«Առանց ատոմային էներգիայի Հայաստանի համար շատ դժվար կլինի: Առավել եւս, որ այդ դասը մենք արդեն անցել ենք»,-նկատեց Մարտուն Գեւորգյանը` ավելացնելով, որ 1988 թ. երկրաշարժի փորձը, 1993-95 թթ. աշխատանքների վերկանգնումը ցույց տվեց, որ  կայանում հրաշալի կոլեկտիվ է աշխատում:

«Մենք ապրել ենք առանց էլեկտրաէներգիայի, տեսել ենք, թե դա ինչ է: Մեր ատոմային էներգիան Հայաստանին էներգետիկ անվտանգություն է տալիս, եւ ոչ միայն: Իմ խորին համոզմամբ` ատոմակայանը Հայաստանի համար միջուկային վահան է»,-ընդգծեց փորձագետը: