Թեեւ կառավարությունը հայտարարում է արտահանումը խրախուսելու ծրագրերի մասին, Համաշխարհային բանկի doing business 2012 զեկույցում Հայաստանը հետընթաց է արձանագրել «Սահմանային առեւտուր» ենթացուցիչով, թեեւ առանց այդ էլ բավական ցածր դիրքում էինք: Ըստ զեկույցի` 183 երկրների շարքում այս ենթացուցիչով Հայաստանը ետ է շարժվել 1 տեղով եւ հանգրվանել 104-րդ տեղում:
Զեկույցում նշվել է, որ արտահանման համար մաքսային ծառայություններում պահանջվող փաստաթղթերի թիվը 3-ից դարձել է 5, իսկ ներմուծման փաստաթղթերը` 6-ից դարձել է 8: Աճել են նաեւ ընթացակարգային ծախսերը: Օրինակ` 1 կոնտեյների արտահանման դեպքում անհրաժեշտ է 1800 դոլար, նախորդ տարվա 1600 դոլարին համեմատ:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի` doing business-ի այս գնահատականները լուրջ ուսումնասիրություն են պահանջում: «Պետք է ուսումնասիրենք, թե որ փաստաթղթերն են, որ ՊԵԿ-ը լրացուցիչ պահանջում է: Նորմատիվային դաշտում անցյալ տարվա համեմատ ըստ էության փոփոխություն չի եղել: Հնարավոր է`որոշ գործարարներ իրենց ապահովագրելու համար ավելի շատ փաստաթուղթ են ներկայացնում ՊԵԿ-ին, քան պահանջվում է, հետո այդ մասին նշում են հարցաթերթիկում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կ. Մինասյանը:




























