Ադրբեջանական իշխանության իրականացրած «հաջողված» տնտեսական քաղաքականության հետեւանքները հատկապես վառ դրսեւորվում են ծայրամասային շրջաններում: Ներկայումս տեղական մարմինների, պաշտոնյաների կողմից իրականացվող խախտումները, կեղծարարությունները, ինչպես նաեւ գործազրկության մակարդակի բարձրացումը, ահռելի չափերի հասնող կոռուպցիան հանգեցրել են ծանր տնտեսական դրության ստեղծմանը եւ լարվածության առաջացմանը, որը կարող է սոցիալական պայթյունի պատճառ հանդիսանալ, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի բոլոր շրջաններում, որտեղ առկա է սոցիալական լարվածություն, ստեղծվել են հատուկ օջախներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում: Նրանք փորձում են կանխել պաշտոնյաների կեղծարարությունները, կաշառակերությունը եւ այլ խարդախություններ: Բացի այդ, նրանք ելքեր են մշակում տնտեսական ծանր իրադրությունից դուրս գալու համար:

«Լարվածությունը հասել է այն մակարդակի, որ սոցիալական պայթյունը միանգամայն հավանական է: Ուշագրավ է, որ դրա մասին տեղեկացված են նաեւ իշխանական կառույցները, սակայն քայլեր չեն ձեռնարկում գործընթացի կանխման համար»,-հայտնում է աղբյուրը:

Պոլիգոնը նաեւ նշում է, որ վերոնշյալ օջախները կարող են ձեռնարկել նաեւ արմատական գործողություններ: