Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստում ոչ Ադրբեջանին, ոչ Սլովենիային չհաջողվեց հավաքել ձայների անհրաժեշտ 2/3-ը` երկու տարի ժամկետով ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու համար: Քվեարկության նախորդ փուլերում ԱԽ ոչ մշտական անդամներ են ընտրվել Գվատեմալան, Մարոկկոն, Պակիստանն ու Տոգոն:
Արեւելյան Եվրոպայից ոչ մշտական անդամի ընտրության համար դաժան պայքար է ծավալվել Ադրբեջանի եւ Սլովենիայի միջեւ: Նրանցից եւ ոչ մեկին չհաջողվեց հավաքել ձայների անհրաժեշտ 2/3-ը` քվեարկության առաջին ինը փուլերի արդյունքում: Վերջին քվեարկության արդյունքներով, Ադրբեջանն ստացել է 113 (պահանջվող 128 -ից), Սլովենիան` 77 ձայն: Տասներորդ փուլը կանցկացվի երկուշաբթի առավոտյան ՄԱԿ-ի կենտրոնակայնաւոմ:
Մինչ իններորդ փուլը մի փոքր միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի պատվիրակության հետ կապված: Քանի որ իններորդ փուլը նշանակված է եղել երկուշաբթի, վերջիններս դիմել են քարտուղարությանը` նիստի ժամանակը երկարաձգելու եւ իններոդ փուլը նույն օրը կազմակերպելու խնդրանքով: Սկզբում խնդրանքը մերժվել է, քանի որ քարտուղարությունից բացատրել են, որ համընթաց թարգամանական ծառայության աշխատանքն ավարտվում է ժամը 18:00-ին, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչները եւս առաջարկել են բացառության կարգով երկարաձգել թարգմանական ծառայության աշխատանքը:
Արդյունքում որոշվել է անցկացնել քվեարկության իններորդ փուլը, իսկ արդյունքի բացակայության դեպքում` տասներորոդը կազմակերպել երկուշաբթի` հոկտեմբերի 24-ի առավոտյան:
Նշենք, որ Ադրբեջանը երբեք ԱԽ ոչ մշտական անդամի կարգավիճակում չի եղել, Սլովենիան եղել է ԱԽ ոչ մշտական անդամ 1998-1999 թվականներին:
Դեկտեմբերի 31-ին ԱԽ-ում իրենց աթոռները կազատեն Բոսնիան եւ Հերցեգովինան, Բրազիլիան, Գաբոնը, Լիբանանն ու Նիգերիան:
ՄԱԿ ԱԽ-ն կազմված է կազմակերպության տասնհինգ անդամներից: Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան , Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մշտական անդամներն են:




























