Լիբիայի Անցումային ազգային խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչը խոստովանել է, որ երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին մտադրված սպանվել է նրան բռնած ապստամբների կողմից, հաղորդում է Reuters-ը:
«Ապստամբները դաժանաբար ծեծել են Քադաֆիին, այնուհետեւ գնդակահարել: Սա պատերազմ է»,- գործակալությանը հայտնել է Անցումային ազգային խորհրդի անանուն ներկայացուցիչը:
Այս հայտարարությունը տարբերվում է Անցումային ազգային խորհրդի պաշտոնական վարկածից: Ավելի վաղ Լիբիայի նոր իշխանությունները պնդում էին, որ Քադաֆիին տեղափոխող ավտոշարասյունը հայտնվել է ապստամբների խաչաձեւ կրակահերթի տակ, որի արդյունքում, Քադաֆին մահացու վնասվածք է ստացել գլխին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Քադաֆին մինչ այդ գտնվում էր Սիրտ քաղաքում, որը հինգշաբթի օրն ամբողջությամբ անցել է ապստամբների վերահսկողության տակ:
Գործակալության զրուցակցի խոսքով, Քադաֆիի կողմնակիցներն իրենց վիրավոր առաջնորդին թաքցրել էին ջրատար խողովակում, որտեղ էլ նրան գտել են ապստամբները:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունն արդեն պահանջել է հետաքննություն անցկացնել Քադաֆիի մահվան հանգամանքների շուրջ: Վարչության ներկայացուցիչն իր վրդովմունքն է հայտնել «ցնցող» տեսակադրերի առնչությամբ, որտեղ երեւում է, թե ինչպես են ծաղրուծանակի ենթարկում վիրավոր գնդապետին, ապա քարշ տալիս նրա մահացած մարմինը:




























