Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողները պատրաստ են վրդովված նամակ գրել իրենց դեկան Ելենա Վարտանովային եւ նախագահ Յասեն Զասուրսկիին, կապված Մեդվեդեւի իրենց բուհ կատարած այցի հետ, որը նրանք որակել են «ամոթալի»:
Ուսանողները վստահ են, որ այդ հանդիպմանը եղել են «հատուկ պատրաստված» մարդիկ եւ նախօրոք պատրաստված հարցեր եւ դա տեղի է ունեցել բուհի ղեկավարության լուռ համաձայնությամբ:
Դժգոհություն արտահայտելու հարթակներից մեկը եղել է live journal-ում Մոսկվայի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետի էջը, որի մասնակիցները եկել են եզրակացության, որ տեղի ունեցածին պետք է արձագանքել:
Անգամ առաջարկ է հնչել Մեդվեդեւին «պերսոնա նոն գրատա» հայտարարել իրենց ֆակուլտետում: Քննարկումները մինչ օրս շարունակվում են:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, Մեդվեդեւը Facebook-ի իր էջում այդ հանդիպման մասին գրել է. «Լավ հանդիպում էր լրագրության ֆակուլտետում: Տեսնում եմ, որ բոլորին դուրէ եկել: Շնորհակալություն մեկնաբանությունների համար: Հաճելի երազներ...»:
ՌԴ նախագահի այս գրության տակ միայն դրական մեկնաբանություններ են, սակայն NEWSru.com-ըն ավելի ուշադիր է հետեւել մեկնաբանություններին եւ պարզել, որ կան նաեւ սուր եւ քննադատական մեկնաբանություններ, որոնք շատ արագ հեռացվում են եւ դրանց հեղինակներն այլեւս չեն կարողանում նոր մեկնաբանություններ գրել:


























