Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել վարքագծի հմտությունները` արտակարգ իրավիճակների դեպքերի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը:
Պատասխանելով հարցին, որ նախազգուշական միջոցոռումներին զուգահեռ` մի շարք դեպքերում շարունակվում են տարբեր բնույթի խախտումները, օրինակ, անզեն աչքով էլ նկատելի է, որ մայրաքաղաքի կենտրոնում նորակառույցները նստում են, Համլետ Մաթեւոսյանն ասաց, որ բնակչության շրջանում պետք է աղետների կանխարգելման մշակույթը զարգացնել. «Իսկ բնակչությունը դա հասարակության բոլոր շերտերն են»,-նշեց Մաթեւոսյանը: Նրա խոսքով` այդ նպատակով ակտիվ աշխատանքներ են իրականացվում դպրոցականների եւ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին մոտ 700 դպրոցների նյութեր կտրամադրվեն: Տնօրեններն ու ուսուցիչները եւս պետք է պատկերացում ունենան ԱԻ-ների դեպքերում վարքագծի կանոնների մասին: Չափահասների համար նույնպես դասընթացներ են կազմակերպվում: Տարեկան, ըստ Մաթեւոսյանի, այդ դասընթացներին մասնակցում է մոտ 1700 մարդ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել Ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության նախագծի քննարկումը, որը կներկայացվի կառավարության հաստատմանը:
Ինչպես փաստաղթուղթը ներկայցնելիս նշել էր Հ. Մաթեւոսյանը, կան մի շարք խնդիրներ, մասնավորապես` գերատեսչությունների ոչ արդյունավետ համագործակցությունը, ինչը պայմանավորված է նրանց առջեւ դրված նպատակների տարբերությամբ, չկառավարվող ուրբանիզացիան, օրենսդրական դաշտի բացթողումները, երբեմն իրար հակասող օրենքները:


























