Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի  հրավերով այսօր` հոկտեմբերի 23-ին եռօրյա պետական այցով ժամանել է Մոսկվա: Սերժ Սարգսյանն ու առաջին տիկինը Ռուսաստանում կլինեն մինչեւ հոկտեմբերի 25 –ը:Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից, նախագահի օդանավը վայրէջք է կատարել Ռուսաստանի մայրաքաղաքում անձրեւի տակ:

Հայկական պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակությի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:

Վաղը` հոկտեմբերի 24-ին կսկսվի այցի հիմնական մասը:  Բարձր մակարդակով հայ-ռուսական բանակցությունները եւս նախատեսված են  հոկտեմբերի 24-ին, որից հետո տեղի կունենան ընդլայնված  կազմով բանակցություններ:  Հայաստանի արտգործնախարարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այցի ընթացքում կստորագրվեն  վեց-յոթ նոր փաստաթղթեր: Բացի այդ, Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա  Մ. Լոմոնոսովի անվան  Մոսկվայի պետական համլսարանում եւ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի շիրիմին:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահը կմասնակցի Ռուսաստանի Նոր Նախիջեւանի  թեմի առաջնորդանիստ եկեղեցու խաչերի օծման արարողությանը:  Հայկական եկեղեցական համալիրի կառուցումը, որը Մոսկվայի կենտրոնում զբաղեցնում է 1,32 հա ըտարածք, սկսվել է 2006 թվականին: Այն ներառում է Մայր տաճարը, Սուրբ Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը,  կրթամշակութային եւ վարչական մասնաշենքերը,  հանդիսությունների սրահն ու թանգարանը:

Հատուկ ծարգիր է նախատեսված առաջին տիկնոջ համար:  Ռիտա Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

Նշենք, որ Ռուսաստանն առաջինն է Հայաստանում ներդրումների ծավալով` մոտ 3 մլրդ դոլար: Հայաստանում ռուսական կապիտալով գործում է 1400  ձեռնարկություն:zara z