Գագաթաժողովին մասնակցում են ավելի քան 140 պետությունների ղեկավարներ, գագաթաժողովի բացումը տեղի կունենա հինգշաբթի Դուբայում՝ Մերձավոր Արեւելքի ֆինանսական եւ տեխնոլոգիական կենտրոնում։ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի (COP28) կողմերի 28-րդ համաժողովի նախագահը եւ աշխարհում նավթի խոշոր արտադրողներից մեկը լինելով, ակնկալում է համոզել միջազգային հանրությանը, որ ցածր ածխաջրածնային ապագան հնարավոր է՝ առանց հանածո վառելիքից հրաժարման։

Այս տարի COP28-ի նախագահը Սուլթան բեն Ահմեդ ալ-Ջաբերն է, որը զբաղեցնում է ԱՄԷ արդյունաբերության եւ առաջավոր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը, ինչպես նաեւ ղեկավարում է Աբու Դաբիի ADNOC ազգային նավթային ընկերությունը։ Նա բազմիցս խոսել է այն մասին, որ ածխաջրածինների օգտագործման կրճատումը պատասխանատու մոտեցում է պահանջում։ Չնայած ալ- Ջաբերը ընդունում է, որ աստիճանական հրաժարումը վառելիքի ավանդական տեսակներից անխուսափելի է, առաջնահերթը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, նրա կարծիքով, պետք է դառնա ժամանակակից տեխնոլոգիական լուծումների օգտագործումը՝ կապված ածխածնի որսման, ոչնչացման եւ պահման հետ։ Այս հայեցակարգը կարող է ի հայտ բերել տարաձայնություններ մասնակից երկրների հետ այն հարցում, թե ինչ մոտեցում պետք է համարել ամենաօպտիմալը գլոբալ ջերմացման դեմ պայքարում։

Սպասվում է, որ Դուբայում կոնֆերանսի օրերին, որը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 12-ը, աշխատանքներին մասնակցելու է ավելի քան 70 հազար պատվիրակ տարբեր երկրներից, ներառյալ պետությունների ղեկավարները, խոշոր բիզնեսի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հետազոտողներ, փորձագետներ եւ լրագրողներ։ Սա ամենամեծ թիվն է ողջ պատմության ընթացքում։

Երկրների պատվիրակությունների հիմնական խնդիրը  լինելու է Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու առաջընթացի վերլուծությունը։ Փաստաթուղթն ընդունվել է 2015թ. դեկտեմբերի 12-ին՝ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի 21-րդ կոնֆերանսի արդյունքների հիման վրա, որի մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մինչեւ 2100թ. գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը Ցելսիուսի երկու աստիճանից ավելի եւ միջոցներ ձեռնարկել տաքացման զսպման համար՝ 1,5 աստիճանի սահմաններում։