NEWS.am լրատվական գործակալության լրագրող Թագուհի Մելքոնյանը 2-րդ կարգի մրցանակ է ստացել Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունում: Մրցույթի «Տպագիր կամ էլեկտրոնային նյութեր» անվանակարգում ներկայացվել էր NEWS.am-ում հրապարակված «Կենտրոնի ինքնակոչ խաչմերուկատերերին ազատազրկում է սպառնում. Հայաստանում ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը» վերտառությամբ հոդվածը, որում լրագրողը ներկայացրել է Երևանում անձեռոցիկի շրջիկ առևտրի իրական շահառուներին, որոնք ըստ մեղադրանքի՝ տևական ժամանակ աշխատանքային շահագործման և բռնության են ենթարկել խոցելի խմբում գտնվող անձանց:
NEWS.am-ն ուսումնասիրել էր շուրջ երեքուկես տարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թրաֆիքինգի վերաբերյալ քրեական վարույթն ու ուշագրավ մանրամասներ պարզել։ Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև թրաֆիքինգից տուժածների պաշտպանությանը, խոցելի խմբերի նկատմամբ կատարված շահագործման դեպքերի բացահայտման և թրաֆիքինգի դեմ պայքարում պետական մարմինների պատասխանատվությանը վերաբերող հարցերին:
«Տպագիր կամ էլեկտրոնային նյութեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Factor-ի լրագրող Արաքս Մամուլյանը, իսկ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Jamnews-ի լրագրող Սոնա Մարտիրոսյանը:
Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:
Մրցանակաբաշխության նպատակն է՝ խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:































