Կան երկրներ, որտեղ լավ են ապրում գործնականում բոլոր քաղաքացիները: Դասական օրինակը Շվեդիան է, որն այդ իմաստով համարվում է աշխարհի լավագույն երկիրը` իդեալական սոցիալական քաղաքականությամբ: Այդ նվաճումը հզոր տնտեսության ու հսկայական բնական պաշարների արդյունք չէ: Հաջողության գաղտնիքը սոցիալական արդարության տեսանկյունից իդեալական հարկային քաղաքականությունն է:
Շվեդիայում մինչեւ 209100 շվեդական կրոն եկամուտը հարկվում է 32 տոկոս մունիցիպալ հարկով: Դրանից բարձր եկամուտը հարկվում է նաեւ 25 տոկոս ազգային հարկով: Արդյունքում` բարձր եկամուտների հարկադրույքը հասնում է 57 տոկոսի: Ստացվում է, որ մունիցիպալ եւ պետական հարկերի միջոցով մասնավոր եկամուտի կեսից ավելին անցնում է պետությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հայաստանում եկամտահարկի առավելագույն նշաձողը մոտենում է 20 տոկոսի: Այս իմաստով մենք զիջում են Շվեդիային, սակայն առավելություն ունենք Ռուսաստանի նկատմամբ, որտեղ եկամտահարկը 13 տոկոս է բոլորի համար:
Կան երկրներ, որտեղ եկամտահարկի կշիռը ընդհանուր վճարումներում հասնում է 40 տոկոսի: Հայաստանում այդ ցուցանիշը այս տարվա հունվար-օգոստոսին հավասար է եղել 12,6 տոկոսի:
Անձնական եկամուտների արձանագրման համակարգը եւս չօգնեց: Կառավարությունը որոշել է 15 հազար պետական պաշտոնյաների փոխարեն անձնական եկամուտի մասին արձանագրություն պարտադրել 500 բարձրաստիճան անձնանց:
Ընդհանրապես, այդ փորձը նման է մեծ բլեֆի: ԱՊՀ-ում Հայաստանն այդ իմաստով վատագույն օրինակը չէ:
Սակայն կան երկրներ, որոնք խորհրդային տնտեսությունից շուկայականի անցնելու ճանապարհին զգալի հաջողություններ ունեն հարկային ոլորտում:
Լատվիայում բոլոր քաղաքացիները, այլ ոչ թե 500 բարձրաստիճան պաշտոնյաները, պարտավոր են լրացնել անձնական եկամուտի մասին արձանագրություն: Նպատակը հարեւանի եկամուտն իմանալը չէ, այլ` աղքատների եւ հարուստների միջեւ տարբերությունը հարկահանությամբ կրճատելը:
Հարուստներն էլ մխիթարվում են այն մտքով, որ երկրում կայունություն է, չկան սոցիալական ցնցումներ եւ նրանց բարեկեցիկ կյանքը, թեկուզեւ մեծ հարկերի գնով, ապահովված է:
Այժմ մեր կառավարությունը մշակում է շքեղության հարկ: Թե ինչ արձագանք կունենա այդ օրինագիծը խորհրդարանում դժվար է ասել:




























