Այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-13.00-ի սահմաններում, Երեւանի Էրեբունի օդանավակայանից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ:

Այն իր մեջ ներառում է 100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ 7000-ից ավելի անկողնային պարագաներ։

Հիշեցնենք, որ Հայաստանը հոկտեմբերի 27-ին, թուրքական Կարմիր մահիկի եւ Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։