NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Մասուդ Ահմեդի հոդվածը` հրապարակված iStockAnalyst.com կայքում:

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական վիճակը կայուն է: Երկու տարածաշրջաններում էլ 2011-ին սպասվում է 5,5%, իսկ 2012-ին` 6,5% աճ: Սակայն երկու դեպքում էլ չլուծված է մնում զբաղվածության խնդիրը:

Հարավային Կովկասում գործազրկությունը 10-30%-ի սահմաններում է: Սա ոչ պաշտոնական թվեր են: Երիտասարդների գործազրկությունն ավելի բարձր է. Ադրբեջանում` մոտ 15%, Վրաստանում եւ Հայաստանում` 35-40%:

Հարավային Կովկասում գործազրկությունն ունի կառուցվածքային ծագում: Զբաղվածության խնդիրը հնարավոր չէ լուծել տնտեսական ակտիվության կարճաժամկետ աճով:

Տնտեսական աճի եւ գործազրկության հաղթահարման թույլ կապը Հարավային Կովկասում պայմանավորված է աճի աշխատատար լինելու ցածր մակարդակը: Նախաճգնաժամային բումի փուլում առավել շատ աշխատատեղեր բացվել են ֆինանսական ծառայությունների ոլորտում, իսկ իրական հատվածում, մասնավորապես, գյուղատնտեսությունում աճը ցածր է եղել:

Սակայն թույլ կապի մյուս պատճառն էլ կարող է լինել կրթության ազգային համակարգերի առաջարկած որակների եւ շուկայի պահանջարկի անհամապատասխանությունը: Դրա վկայություններից մեկն այն է, որ գործազրկությունը մեծ է կրթություն ունեցողների շերտում, թեեւ Հայաստանի ընկերությունների 20%-ը եւ Վրաստանի ընկերությունների 25%-ը հայտնում է «աշխատողների որակավորման բացակայության» մասին: Դա այդ ընկերությունների գործունեության գլխավոր դժվարություններից մեկն է:

Գործազրկության խնդիրը լուծելու համար կառավարությունների կողմից արդյունավետ քայլ կլիներ մասնավոր հատվածի զարգացման խրախուսումը, հատկապես, այն ոլորտներում, որոնք դուրս են հանքարդյունաբերությունից, նավթի եւ գազի արդյունահանումից: Կարեւոր է նաեւ կենտրոնանալ տնտեսության պահանջներին համապատասխան կրթություն տրամադրելու վրա: