«Հրաժարական տալով ես ապացուցեցի իմ նվիրվածությունը երկրի նախագահին»,- այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով իր հրաժարականի փաստը:

ԱԺ նախագահը նշել է, թե հնարավորություն ուներ, նաեւ օրենսդրությունը չէր խանգարում պահպանել Ազգային ժողովի պաշտոնը` միաժամանակ կատարելով ՀՀԿ շտաբի պետի գործառույթները: «Բայց ես նպատակահարմար եմ գտնում, որ անթերի աշխատանքները կազմակերպելու համար այդպես վարվենք: Ես չեմ ուզեցել, որ դա նաեւ դառնա քննարկման առարկա, որ Ազգային Ժողովի նախագահը, լինելով կուսակցության գործադիրի անդամ, նաեւ ղեկավարում է շտաբը»,- ասել է Աբրահամյանն ու հավելել. «Դրանով ես ապացուցել եմ, որ ես կառչած չեմ աթոռից: Այդ քայլով ես ապացուցեցի իմ նվիրվածությունը երկրի նախագահին, Հանրապետական կուսակցությանը: Ապացուցեցի, որ պաշտոնը չէ, որ ինձ պահում է կուսակցության անդամ: Ես ավելին եմ համարում լինել շտաբի պետ եւ հաջողություններ ունենալ, քան լինել Ազգային Ժողովի նախագահ: Օրինակ եմ ծառայել շատերի համար, որ չի կարելի կուսակցությանը նվիրվել զուտ միայն պաշտոն զբաղեցնելու համար»:

Հարցին, թե իր հրաժարականը կարելի է դիտարկել մյուս հրաժարականների հետ նույն համատեքստում, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Սա ուրիշ օպերա է, որ կապ չունի մյուս հրաժարականների հետ»: