Հայաստանի նախագահը բավական հստակ արտահայտել է իր կարծիքը Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնաթողության մասին: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով մի շարք պաշտոնյաների հրաժարականների մասին իր դիրքորոշմանը վերաբերող հարցին:
«Երկու Կարեն Կարապետյանները, եւ Երեւանի քաղաքապետը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարը, իրենք են հրաժարական ներկայացրել եւ ես որպես պատճառ հիմք եմ ընդունում մամուլում իրենց ներկայացրած հիմնավորումները: Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա նախագահը բավական հստակորեն ներկայացրել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նոր պետին` պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Երկրի ղեկավարը շնորհակալություն էր հայտնել Ալիկ Սարգսյանից` իր կատարած աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ նա նշանակվում է իր խորհրդական:
Հարցին, թե իր հրաժարականը կապված չէ՞ ՀՀԿ-ի ներսում պատրաստվող ինչ-որ դավադրության հետ, Աբրահամյանը պատասխանել է. «Այդ խոսակցությունները ընդդիմությունն է տարածում: Անտրամաբանական է նման բաներ հորինել: Ես դավեր չեմ նյութում, ես ուղիղ մարդ եմ»:




























