Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը, նախագահ Սերժ Սարգսյանի հովանո ներքո, նոյեմբերի 3-ին, մեկնելու է Լուցկ քաղաք (Ուկրաինա) մասնակցելու լրատվամիջոցների աշխատակիցների «Վոլին-2011» անվանումը կրող մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին:

Մրցումները տեղի կունենան նոյեմբերի 4-6-ին, Ուկրաինայի Վոլինի մարզի պետական ադմինիստրացիայի ղեկավար Բորիս Կլիմչուկի աջակցությամբ:

Հայաստանի լրագրողների թիմի ավագ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, «Երկիր» օրաթերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ մրցաշարին հայկական թիմից զատ մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստանի լրագրողական թիմերը:

Ըստ նրա, ՀՀ լրագրողների թիմում ընգրկված են «Մեդիամաքս»-ի, «Երեւան» ամսագրի, «Երկիր», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Մրցումների ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետեւ մասնակիցները կայցելեն «Ավանգարդ» մարզադաշտ Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության «Վոլին»- «Կրիվբաս» խաղը դիտելու:

Հայաստանի լրագրողների թիմը 1999 թվականից մասնակցել է (բացի 2000 թվականին Բաքվում տեղի ունեցած), բոլոր ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարերին` Սանկտ-Պետերբուրգում, Քիշինեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Դրուսկինինկայում եւ 2009-ին Ստեփանակերտում: Այդ ընթացքում հայկական թիմը մեկ անգամ դարձել է  չեմպիոն, երեք անգամ բրոնզե մեդալակիր: 2001 թվականից թիմը մեկնել է այդ մրցաշարերին նախագահ Ռ.Քոչարյանի հովանո ներքո, 2008 թվականից Հայսատանի լրագրողների ֆուտբոլային թիմին աջակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: