Wildberries օնլայն գնումների հարթակն արդեն մի քանի տարի է՝ գործում է նաեւ Հայաստանում եւ հարմարավետ դարձնում գնորդների եւ հայ ձեռներեցների արդյունավետ գնումներն ու վաճառքը։ 

Իսկ ինչպե՞ս են կատարվում այս գործընթացները, որտե՞ղ է պահվում ապրանքն ու ի՞նչ ճանապարհով է հասնում պատվիրատուին։ Այսօր՝ փետրվարի 3-ին, Արտաշիսյան 106 հասցեում գտնվող՝ Wildberries-ի հայաստանյան ամենամեծ պահեստում հայ ձեռներեցների համար շրջայց էր կազմակերպվել, որի ընթացքում նրանց ներկայացվեց ընկերության աշխատանքի հերթականությունը, տարբեր երկրներից ներմուծվող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների բաժիններն ու դասակարգումները։ Հայ ձեռներեցներին ընկերության սկզբունքներն ու աշխատանքային գործընթացը ներկայացրեց ԱՊՀ երկրների լոգիստիկայի գծով տնօրեն Մաքսիմ Գուբանովը։ 

«Այն երկրներում, որտեղ մենք աշխատում ենք եւ զարգացնում մեր գործունեությունը, հրավիրում ենք պոտենցիալ վաճառողներին, պատմում ենք նրանց Wildberries-ի մասին, թե ինչպես ենք աշխատում, ինչ հետաքրքրություն կունենան մեզ հետ համագործակցելիս: Այսօր Հայաստանում որոշել ենք նաեւ ցույց տալ, թե ինչպես են աշխատում Wildberries-ի ներսում, ինչպիսին է պահեստը, ինչպես է տեղաշարժվում բեռը եւ ինչ է տեղի ունենում ապրանքի հետ, որոնք տրամադրում են վաճառողները»,-NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց Գուբանովը։ Նրա խոսքով՝ Հայաստանում նորությունները շատ են, իսկ ամենաուրախացնող փաստն այն է, որ պահանջարկն «ակտիվորեն աճում է»։ 

b3caa0dd-811a-42e5-abbc-ad922744351b.jpg (95 KB)
«Վաճառքն այստեղ շատ արագ է զարգանում, եթե համեմատենք անցած տարվա հետ, մեծ աճ ենք գրանցել, ուրախացնում է այն փաստը, որ վաճառքը սկսել է աճել հենց Հայաստանի ներսում»։

Wildberries օնլայն գնումների հարթակը ստեղծվել է 2004 թ-ին՝ Ռուսաստանում՝ Տատյանա Բակալչուկի կողմից, եւ տարածում գտել աշխարհի մի շարք երկրներում, որտեղից գնորդները կարող են պատվիրել  հագուստի, զարդերի, կոսմետիկայի, տնտեսական իրերի, սննդի, էլեկտրոնիկայի եւ մի շարք այլ անհրաժեշտ ապրանքներ։ Հայաստանում Wildberries-ը մուտք է գործել 2018 թ-ից, բայց հիմնական աշխատանքը մեկնարկել է 2020-ին, երբ բացվել է առաջին տեսակավորման կենտրոնը:

Հայաստանում ընկերության PR փորձագետ Էլեոնորա Արարատյանը նշում է՝ մեր երկում առցանց գնումները մեծ տարածում են գտել, հատկապես, կորոնավիրուսային համաճարակի շրջանում, ինչով պայմանավորված էլ Wildberries-ի գործունեությունը Հայաստանում մեծ արագությամբ է աճել։  

«Մեր հիմնական նպատակն այն է, որ զարգացնենք մեր շուկան եւ ներկայացնենք հենց Հայաստանում արտադրված ապրանքները այլ երկրներում: Վերջին ձեռքբերումներից այն է, որ Wildberries-ը նախորդ տարվա տվյալներով ներառվել է 1000 խոշոր հարկատուների տասնյակում՝ 6-րդ հորիզոնականում, ինչը մեծ աճ է նախորդ տարվա համեմատ»,-NEWS.am-ի հետ զրույցում ընդգծեց նա։ 

Էլեոնորայի խոսքով՝ ձեռներեցների հետ հանդիպումներն ու շփումը կարեւոր է ընկերության համար։ Նրանք, Մոսկվայի գործընկերների հետ, հաճախ անցկացնում են ինչպես օնլայն, այնպես էլ տեղում կազմակերպվող վեբինարներ՝ օգնելով հայ ձեռներեցներին իրենց վաճառքը կազմակերպել Wildberries-ի միջոցով: Դասընթացներն անվճար են։ Նա ուրախությամբ հավելեց, որ Wildberries-ի միջոցով հայկական բրենդները հասանելի եւ պահանջված են դարձել նաեւ արտերկրում։ Հատկապես շատ են պատվիրում հայկական արտադրության կոշիկներ, պայուսակներ, չորացրած մրգերի ու թեյի տեսականի։ 

Ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեության սահմանները, 2024-ին կլինեն նորություններ, որոնց մասին Մաքսիմ Գուբանովն առայժմ չի բարձրաձայնում։