Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարություն է տարածել Երուսաղեմի Հին քաղաքում կաթոլիկ եկեղեցու աբբահայր Նիկոդեմոս Շնաբելի վրա հարձակման առիթով։

X-ի իր միկրոբլոգում Կացը կատարվածն անվանել է «հերթական տգեղ միջադեպը» և նշել, որ «կտրականապես դատապարտում է այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ այս այլանդակ գործողությունները»։

«Իսրայելական իշխանության ներքո բոլոր դավանանքների ներկայացուցիչներն օգտվում են երկրպագության լիակատար ազատությունից, մի բան, որը նախկինում երբեք չի եղել։ Ըստ մարգարեի. «Իմ տունը կլինի բոլոր ազգերի համար աղոթքի տուն»,- նշել է Իսրայելի արտգործնախարարը։

Իր հերթին, աբբահայր Շնաբելն ինքը նկարահանել է իր վրա հարձակումը փաստող տեսանյութ։ Նրա խոսքով՝ կադրերը ցույց են տալիս «իմ կյանքի իրականության մի մասը, որը հազվադեպ է նկարահանվում տեսանյութով», հայտնում է Times of Israel-ը։

«Ես չեմ ձգտել հրապարակայնության, քանի որ այստեղ կան շատ ավելի սարսափելի բաներ, որոնցից մարդիկ տառապում են: Աղոթենք խաղաղության և հաշտության համար»,- հոգևորականի խոսքն է մեջբերում լրատվամիջոցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Երուսաղեմում քրիստոնյա հոգևորականի վրա թքած երկու հրեա իսրայելցու ձերբակալության մասին։ Նրանցից մեկը 17 տարեկան է։ Երկու իրավախախտներն էլ տնային կալանքի են ենթարկվել։